AM
14 Դեկտեմբեր 2012 - 10:53 AMT

Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու նպատակով նամակների հավաքագրում է սկսվել

Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները կազմակերպել են նամակների հավաքագրում` Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարանի վերածելու նպատակով: Նամակները պետք է ուղարկվեն ՀՀ նախագահին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց նախաձեռնողներից մեկը` Վարդուհի Սուքիասյանը, երգչուհու Կողբացի 42 հասցեում գնտվող բնակարանի դռան մոտ փոստարկղ է տեղադրված, սակայն ոչ մի նամակ առայժմ չի ստացվել: Նամակներ կարելի է ուղարկել նաև facebook-ի միջոցով, որոնք կտպվեն և ծրարված կուղարկվեն: Թանգարանի վերածելու նախաձեռնողների մեկ այլ խումբ, որը ստորագրահավաք է կազմակերպում, նույնպես գոհ չէ արդյունքներից, քանի որ դրանց թիվը չի անցնում 500-ի սահմանը:

Երգչուհու մահվան 20-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 30-ին հուշաքարի մոտ տեղի է ունենալու մոմավառությամբ և աղոթքներով ոգեկոչման երեկո:

Նոյեմբերի 26-ին PanARMENIAN.Net-ն ահազանգ ստացավ, որ հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ: Պատճառը` վերևի հարևանների անփութությունն է: Այս դեպքից հետո պարզվեց, որ բնակարանը մոռացության է մատնված, այնտեղ ոչ ոք չի ապրում: Մանրահատակը խոնավությունից ուռչում և պոկվում է, ցեցն ուտում է գործվածքները: Տնից արդեն անհետացել են արժեքավոր իրեր: