AM
14 Դեկտեմբեր 2012 - 11:24 AMT

Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են ՀՀ–ում արդարադատության իրականացմամբ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն:

FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն գնահատել են արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները և կարծում են, որ էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Ամփոփագրում նշված են հիմնականում վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ և վատ վերաբերմունք, քաղաքական բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ:

«Արդարադատության իրականացումը ՀՀ–ում» ամփոփագրում կազմակերպությունները իրավունքների խախտման կոնկրետ օրինակներով ցույց են տվել խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ են անում։

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված հանցագործությունների անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ»,– ամփոփագրում նշում են FIDH-ը, ՔՀԻ-ն:

Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին։