«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով` նախօրեին դաշնակցականները նիստ են արել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Քննարկման ընթացքում հանկարծակի վիճաբանություն է ծագել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև: Շահբազյանը խոսակցության ժամանակ նշել է, թե Ռուստամյանի դիրքորոշումն իր համար անհասկանալի է` Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների հետ կապված: Դրանից էլ ծագել է Ռուստամյանի ու Շահբազյանի լեզվակռիվը: Ըստ թերթի, վեճն այնքան է «թեժացել», որ նրանց խոսակցությանը խառնվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և հորդորել հանգստանալ: Հովհաննիսյանը նշել է, թե իրենց կուսակցությունը մշտապես աչքի է ընկել իր պարկեշտությամբ, և նման բան իրենք չեն կարող հանդուրժել: Այս գժտության հետ կապված` թերթը փորձել է զրուցել Ռուստամյանի և Շահբազյանի հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին այդպես էլ չեն պատասխանել, իսկ Վ. Հովհաննիսյանը նշել է, թե իր տեղն անհարմար է, և չի կարող որևէ բան մեկնաբանել:





