«Հրապարակ» թերթը գրում է, որ հեռուստատեսային լրատվական ծրագրերը նախընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում՝ օբյեկտիվության և թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռված լուսաբանման պատրանք ստեղծելով: Թերթի` հեռուստաաշխարհին մոտ աղբյուրները տեղեկացնում են, որ հեռուստաընկերություններն ընդդիմադիր գործիչներին «տակից» վարկաբեկելու և «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին:
Ըստ թերթի, օրինակ` Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հեռարձակվում անձայն՝ հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղելի է և անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոսքը՝ հատկապես այն հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատման մասին:
«Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա՝ ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու և տարբեր անօրինականությունների մասնակիցը լինելու տարիները: Նայողն ամենաքիչը մտածում է՝ ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփական անօրինականությունները և խոսում է ուրիշների մասին»,-եզրափակում է թերթը:





