AM
14 Հունիս 2005 - 04:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ

Հունիսի 14-ին սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան: Ն. Բորդյուժան կիրազեկի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգային հարցերի եւ Կազմակերպությունում գործերի վիճակի մասին: Երեւանում նախատեսված են նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության` երկրի նախագահի եւ ՀՀ նախագհին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի հետ: «Այցի նպատակն է` զեկուցել Հայաստանի ղեկավարությանը Կազմակերպությունում գործերի վիճակի, ՀԱՊԿ առջեւ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ուղղությունների մասին, ինչպես նաեւ իրազեկել ս.թ.հուլիսի երկրորդ կեսին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի եւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների` Արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերում բարձրացվող հարցերի մասին» ,- հայտարարել է Երեւան մեկնելուց առաջ Ն.Բորդյուժան: Նրա խոսքերով` Հայաստանը Կազմակերպության ամենակտիվ մասնակիցներից մեկն է: «Այսօր ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող շատ նախաձեռնություններ բխում են հատկապես Հայաստանից»,- ընդգծել է Ն.Բորդյուժան: ՀԱՊԿ բարձրագույն մարմնի` Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում արդեն կայացել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումները Ռուսաստանի, Բելառուսի նախագահների եւ Ղրղզըստանի նախագահի պաշտոնակատարի հետ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: