Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որտեղ ներկայացվել է միջազգային b«Environmental Resource Management» ERM կազմակերպության իրականացրած Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատումը:
Նախագծային փաստաթղթերի վերագնահատում իրականացնելիս ERM-ը հիմնվել է ՀՀ օրենսդրությամբ, Համաշխարհային բանկի ստանդարտներով ամրագրված դրույթների և ստանդարտների վրա:
ERM-ը ամերիկյան մասնագիտացված կազմակերպություն է, որն իրականացնում է շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տնտեսական նախագծերի բնապահպանական, առողջապահական, անվտանգության հարցերով գնահատում և տրամադրում է խորհրդատվություն:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ , մասնավորապես ասվում է. «ERM-ի իրականացրած վերագնահատման արդյունքներով բացահայտվել են ոչ միայն 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից հաստատված ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության մութ կողմերը, այլև պարզ է դարձել, որ ներկայումս հանքավայրը շահագործվում է միանգամայն նոր՝ 2010 թվականին կազմված նախագծով, որը մշակվել է միջազգային «Ստարտկոնա», «Միկրոմայն» և «Կավոշգարեն» խորհրդատվական կազմակերպությունների օգնությամբ: 2010թ. նախագիծը չի անցել օրենքով սահմանված ընթացակարգերը և չի ենթարկվել բնապահպանական փորձաքննության: Մասնավորապես, 2010 թվականի նախագծով փոփոխության են ենթարկվել բացահանքի տրամագծերը և խորությունը: Մասնավորապես, 2006 թվականի նախագծով բացահանքի խորությունը նախատեսված էր 432 մետր, մինչդեռ նոր՝ 2010 թվականի նախագծով բացահանքի խորությունը կազմելու է 890 մետր: ERM-ի գնահատման համաձայն, 890 մետր խորությունը ծովի մակարդակից ցածր է (հիմք է ընդունվել Բալթիկ ծովի մակարդակը): Այնուհանդերձ, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են Բալթիկ ծովի մակարդակից ավելի խորը հորատում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդների, ինչպես նաև հանքավայրի ընդլայնման համար պահանջվող լրացուցիչ հողային ռեսուրսների վերաբերյալ բավարար տվյալները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Նոր նախագծով փոփոխվել են հանքավայրի շահագործման բոլոր չափորոշիչները՝ հանքաքարի ծավալների մասին տվյալները, շահագործման տեխնիկական ցուցանիշները, լցակույտերի, հարստացման ֆաբրիկայի տեղադիրքերը, անտառահատումների ծավալները և այլն:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից ստացված գրության համաձայն՝ «Թեղուտի հանքավայրի շահագործման համար 2010 թ. փոփոխված նախագիծը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»: Նույն գրությամբ տեղեկացվել է նաև, որ Թեղուտի հանքավայրում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Մեր գնահատմամբ, Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներ, քանի որ 2010 թվականից սկսած Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով հաստատված լիցենզիայի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով (աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը), քանի որ աշխատանքները տարվում են 2006 թվականին հաստատված փորձաքննական եզրակացությամբ նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության կանոնների էական խախտմամբ»:
Նախաձեռնության անդամները հայտնում են նաև, որ բոլոր փաստաթղթերը և հիմնավորումները կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:





