Հայաստանում 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ հայցերով պահանջված 130 մլն դրամ հատուցումից վճարվել է 8,6%-ը: Մնացած դեպքերում համարվել է, որ լրատվամիջոցը չպետք է վճարի: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար և Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամ Շուշան Դոյդոյանը: «Դա իսկապես լավ արդյունք է, որում իր դերն ունի նաև Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Վերջինս քննել, վերլուծել և եզրակացություններ է ներկայացրել լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով վճիռների վերաբերյալ: 19 վճիռների վերաբերյալ խորհրդի կարծիքները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հրապարակվել են մի ժողովածուի մեջ»,- նշեց նա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր հերթին ասաց, որ ԵԱՀԿ-ն աջակցել է այդ ժողովածուի հրատարակամը, քանի որ այն «կարևոր է Հայաստանի ինչպես իրավական շրջանակների, այնպես էլ լրատվամիջոցների համար»: «Ժողովածուն կարող է ուղեցույց ծառայել, թե ինչպես է պետք պատրաստել տեղեկատվական նյութը, որպեսզի այն դատական հայցի առիթ չտա: Բացի այդ, ժողովածուն լրատվամիջոցներին իրազեկում է իրենց իրավունքների և ազատությունների մասին, ինչը շատ կարևոր է ողջ հասարակության զարգացման և տեղեկացվածության բարձրացման համար»,- ասաց նա` հույս հայտնելով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի պես կազմակերպությունները Հայաստանում կշատանան` նպաստելով երկրում իրավական դաշտի բարելավմանն ու քաղաքացիական կեցության բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ վերջին 1,5 տարում Հայաստանում ԶԼՄ-ների դեմ 52 քրեական գործ է հարուցվել, որոնցից 19 վճռի վերաբերյալ ՏՎԽ կարծիքները հրապարակվել են ժողովածուի մեջ, ևս վեցը հրապարակված են խորհրդի պաշտոնական կայքում:





