AM
17 Դեկտեմբեր 2012 - 10:47 AMT

ՕԵԿ պատգամավորը` Օսկանյանի և Զուրաբյանի ձայնագրության մասին. Արտառոց երևույթ էր

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի` համացանցում տարածված ձայնագրությանը:

«Արտառոց երևույթ էր: Արտառոց էր նաև բովանդակության առումով: Պարզ երևաց, որ ՀԱԿ-ում լուրջ խնդիրներ կան: Պառակտումներ կան, որոնց մասին բարձրաձայն խոսվում էր, բայց ապացույցներ չկային», – ասաց ՕԵԿ պատգամավորը:

Նրա խոսքով դժվար է դիմակայել այդ երևույթին` առաջավոր տեխնիկայի դարում ենք ապրում:

«Եթե դուք ունեք iPhone, կարող եք ձայնագրել մարդկանց խոսակցությունները մի քանի մետր հեռավորությունից ու նրանք չեն էլ նկատի: Այս խնդիրը գուցե օրենսդրական լուծում է պահանջում», – ասաց Խաչիկ Հարությունյանն ու չբացառեց, որ դաշտն ուսումնասիրելուց հետո հնարավոր է ինքն էլ նախաձեռնի այդ օրենսդրական լուծումը: