ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության գաղտնալսումը և տարածումը ԱԱԾ-ին հետաքրքրում է: «Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանն այն պրոդուկտն է, որն ԱԱԾ-ին կհետաքրքրեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ նրա` հետաքրքրություն չի ներկայացնում նաև Օսկանյանը: Գալուստ Սահակյանի վստահեցմամբ` ձայնագրությունը իշխանությանն էլ պետք չէր. «Ես չեմ կարծում, որ իշխանությունը որևէ խնդիր ունի երկու պատգամավորների խոսքը ձայնագրելու և հրապարակելու: Դա մեզ ոչինչ չի տալու, պարզապես ակտիվ ժամանակաշրջան է, և ամեն ինչն էլ կարող է ազդել հասարակության վրա»,-ասաց նա: Հարցին, թե ըստ նրա, ում է այդ դեպքում ձեռնտու՝ պատասխանեց. «Ով արել է, նրան է ձեռնտու»:
Ըստ Գալուստ Սահակյանի` դա շատ սովորական խոսակցություն էր, բամբասախառն, մի մասը իրողություներին հարիր, մի մասը ոչ: Նա նկատեց, որ երևույթը դատապարտելի է և եթե բողոքող կողմ լինի, բնականաբար, կհարուցվի քրեական գործ: Նա նշեց, որ ինքն էլ գնում է սրճարան և չի վախենում, որ իրեն էլ կձայնագրեն. «Ես նորմալ խոսքեր եմ ասում և ինչ ունեմ ասելու բարձրաձայնում եմ, որ ամբողջ աշխարհը լսի»:





