AM
17 Դեկտեմբեր 2012 - 12:46 AMT

Աժ Էթիկայի հանձնաժողովի հարցի քննարկումն ու պատգամավորների` էթիկապես ճիշտ պահելու կոչերը միմյանց

Աժ-ում բոլորն իրար կոռեկտության կոչ են անում: ԲՀԿ-ականները դիմում են ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներին, ՀՀԿ-ն`ընդդիմությանը և այսպես շարունակ: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է Էթիկայի հանձնաժողովում փոփոխություն կատարելու նախագիծն ու իշխանության ներկայացուցիչների թիվն ավելացնելու հարցը: Նախագծի համաhեղինակ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ հանձնաժողովում 4 ընդդիմադիր և երկու իշխանական ներկայացուցիչ կա: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ նկատեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ այլընտրանք: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի գլուխգործոցի հեղինակ Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ին կոչ արեց դադարեցնել «ԲՀԿ-ին այս կամ այնտեղ ճխտելու, կոխելու փորձերը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց, որ ՀՅԴ պատգամավորները օրիորդի հետ են խոսում: «Խնդրում եմ կոռեկտ լինել… Ես ձեզ մի լավ տեղ կհրավիրեմ, որ հանգստանաք»,- ասաց նա:

Կոռեկտության իր կոչը հղեց նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով իր գործընկերներից պահանջեց ավելորդ անգամ չանհանգստանալ ԲՀԿ-ի համար և չփնտրել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արևի տակ: Արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և… կոռեկտության հերթական կոչը: Ի վերջո Աղվան Վարդանյանը ներողություն խնդրեց Արփինե Հովհաննիսյանից: Նա ասաց, որ ինքը հայերեն է խոսել և հայերեն բառեր է արտահայտել ու ափսոսանք հայտնեց, որ իրեն այլ կերպ են հասկացել: Աղվան Վարդանյանը չզլացավ և մեկ անգամ էլ կրկնեց իր արտահայտությունը` այս անգամ ինչ-որ մեկին, ինչ-որ անկյուն «մտցնելու և կոխելու մասին էր»: Նրա արտահայտություններն իր իսկ գործընկերներին վիրավորական և անհարգալից թվացին… ինչևէ: Կարևոր չէ, թե որ բառը որ պատգամավորի համար ինչ աստիճանի անհարգալից ու վիրավորական էր:

Աղվան Վարդանյանը առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև ԱԺ գարնանային նստաշրջան: Թերևս, ամենաճիշտ առաջարկը: Էթիկայի հանձնաժողովի հարցի քննարկումն ու միմյանց` էթիկապես ճիշտ պահելու պատգամավորների կոչերը այնքան էլ համատեղելի չեն և զուգահեռ ճանապարհով, այն էլ ԱԺ մեկ նիստի ժամանակ, ընթանալ չեն կարող: