AM
17 Դեկտեմբեր 2012 - 15:01 AMT

Ազատության հրապարակում կանցկացվի Ձմեռային փառատոն

Դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը Ազատության հրապարակում կանցկացվի Ամանորի բազմազան միջոցառումներով հագեցած Ձմեռային փառատոն: Փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ին, ավանդական Ձմեռային շքերթով: Շքերթի մասնակիցները` երաժշտական խմբերը, պարախմբերը և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները` Կաղանդ պապի առաջնորդությամբ Երևանի քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղեր, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, կցուցադրվեն ձեռքի աշխատանքներ:

Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր (ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթոս և այլն): Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, պատրաստել ու տուն տանել:

Այս տարի` դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը` Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ:

Փառատոնը կազմակերպել են Երևանի Քաղաքապետարանը և Ձմեռային Փառատոն Հայաստանը: Միջոցառումների մուտքն ազատ է: