AM
18 Դեկտեմբեր 2012 - 09:04 AMT

Նա/Նե մրցույթի գործընկերները հատուկ մրցանակներ են սահմանել

Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթի գործընկեր կազմակերպությունները սահմանել են հատուկ թեմատիկ մրցանակներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը հայտնեց, որ աջակցելով մրցույթի անվանակարգերին՝ սահմանում է հատուկ մրցանակ «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար:

Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ, որը կտրվի «Մոր և մանկան առողջության» թեմայի լավագույն լուսաբանման համար: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում երկրորդ հատուկ մրցանակը կտրվի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմային առնչվող լավագույն նյութի համար:

ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի ` Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ լավագույն տպագիր հոդվածի կամ ռադիոնյութի համար այն թեմայով, թե ինչպես են կանայք և երիտասարդները պաշտպանում իրենց համայնքները աղետներից: Իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը սահմանել է հատուկ մրցանակ գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն հեռուստատեսային կամ ռադիո նախագծի / ծրագրի համար:

Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան ավանդաբար սահմանել է մրցանակ ուսանողական լավագույն աշխատանքի համար:

Հանրային լրագրության ակումբը սահմանել է մրցանակ: Լավագույն հանրային թղթակցության հեղինակը կստանա Անդրոիդ համակարգով բջջային հեռախոս:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը սահմանել է հատուկ մրցանակ պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման համար:

Բրիտանական խորհրդի «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը կտրվի Նա/Նե բլոգում առավելագույն Facebook-ի Like ստացած նյութը: Հանրային քվեարկությունը կավարտվի հունվարի 20-ին:

Հաղթողները կստանան Նա/Նե արձանիկ և 100 000-ական դրամ: