Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») հայտարարում են «ATS 2012» նորաստեղծ ընկերությունների մրցույթի մեկնարկը, որը կամփոփի տարվա ստարտափների գործունեությունը և կհայտարարի տարվա լավագույն նորաստեղծ ՏՀՏ բիզնեսը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են կազմակերպիչները:
Սա Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն է` պարգևատրելու և խրախուսելու ՏՀՏ ոլորտի լավագույն նորաստեղծ ընկերություններին: Մրցանակաբաշխությունը կխթանի ստարտափ շարժումը Հայաստանում` համախմբելով տարվա տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակիցներին, ստեղծելով հավելյալ հնարավորություն հանդիպելու և կապեր հաստատելու ներդրողների, գաղափարակից գործարարների ու լավագույն բիզնես մենեջերների հետ:
ATS մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն B2B (բիզնեսը բիզնեսի համար) լուծում, Լավագույն B2C (բիզնեսը սպառողի համար) / B2G (բիզնեսը կառավարության համար) լուծում և Հանդիսատեսի ընտրություն:
Նախաձեռնությանն աջակցում են Երևան էքսպո կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, mLAB և Deem Communications ընկերությունները:
Մրցանակը, որը նախատեսված է Հայաստանի ամենաստեղծարար, նորարար ու հավակնոտ նոր ընկերությունների համար, մասնակիցներին հնարավորություն կտա. ճանաչում ձեռք բերել 2012թ.-ի հայկական սկսնակ ընկերությունների ամենամեծ միջոցառման ժամանակ, հանդիպել հնարավոր ներդրողների հետ,ստանալ Եվրոպայի և Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենամեծ ցուցահանդեսների մասնակցության հրավերքներ, գրավել բարձր որակավորում ունեցող նոր աշխատակիցների ուշադրությունը:
Կարող են մասնակցել բոլոր հայկական տեխնոլոգիական ընկերությունները կամ համապատասխան ոլորտների տեխնոլոգիական նորարար ծրագրերը, որոնք գործում են ոչ ավել քան 3 տարի և մասնավոր են, գրանցված են կամ գործում են Հայաստանում կամ իրենց թիմում ունեն ազգությամբ առնվազն մեկ հայ, ունեն ոչ ավել քան 30 աշխատող,
Խրախուսվում են հայտեր այն սկսնակ թիմերից և ընկերություններից, որոնք 2012թ.-ին կամ նախորդ տարիներին մասնակցել են հետևյալ մրցույթներին` Armenia Startup Cup, Microsoft Imagine Cup, Smart Solutions for Smart Countries, Armrobotics, STEP Startup Bootcamp, Hackaton, Mobile Hackaton3, Social Innovation Camp [Mardamej], Orange Open Game, Orange Innovation Prize: Դեկտեմբերի 19-ը դիմումների ընդունման վերջնաժամկետն է:





