Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնարավոր զեկույցի մասին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկություն չունի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ հունվարյան նստաշրջանում Եվրախորհրդի առաջ Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույց է լինելու, որում նաև Լեռնային Ղարաբաղի մասին հատված կա: «Զեկույցի հետ կապված հռչակագրի նախագծի երրորդ մասում նշվում է, որ Ադրբեջանի դեմ իրականացվել է ռազմական օկուպացիա: Լեռնային Ղարաբաղի հարցի հայտնվելը օրակարգում չափազանց կարևոր է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ զեկույցը պատրաստվել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության տվյալների հիման վրա, այլ ոչ Ադրբեջանի կողմից: Ես չեմ զարմանա, եթե հայերը փորձեն խոչընդոտել զեկույցի ներկայացմանը: Նրանք նաև կփորձեն ներկայացնել այն իբրև ոչ օբյեկտիվ փաստաթուղթ, քանի որ դրանում ներկայացված են նրանց ոճրագորությունները: Սա մեզ համար չափազանց կարևոր է»,- ասել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ կանոնակարգով այդպիսի դրույթ չկա, որ ազգային պատվիրակությունները զեկույց պատրաստելու իրավասություն ունենան, դա կարող են անել հանձնաժողովներում: «Ես չգիտեմ իրենք որ հանձնաժողովում ինչ են հաջողացրել, բայց ես հասկանում եմ Սամեդ Սեիդով խուճապը: Բանն այն է, որ այս նստաշրջանը բավականաչափ հագեցած է հակաադրբեջանական զեկույցներով»,- նկատեց նա:
Պարզվում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու զեկույց է լսվելու: Առաջինը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ է, որը ներկայացնում է այդ երկրում խայտառակ վիճակը: Եվ ադրբեջանցիներն արդեն հասցրել են այն անվանել կաշառված: «Այդ զեկույցի մասով հայկական պատվիրակությունը բազմաթիվ առաջարկություններ է արել և ես կարծում եմ, որ եվրոպացի մեր գործընկերներն ևս բավական ակտիվ կքննարկեն այն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ երկրորդ զեկույցը վերաբերում է այդ երկրում քաղաքական բանտարկյալների հարցին:
«Ես հասկանում է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի նպատակները: Իրենք ձգտում են ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը շեղել իրենց երկրում տիրող խայտառակ իրավիճակից: Ադրբեջանին դա օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Դրանից ելնելով են փորձում ինչ-որ զեկույցներ դնել շրջանառության մեջ, բայց ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ինչ-որ լուրջ հարց կարողանալ բարձրացնել»,- ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում վերածվել է «կույրաղիքի», որը մեծ քայլերով նահանջ է ապրում և այսօր հայտնվել է միջնադարում: Նա այս հայտարարությունը համարում է Ադրբեջանի և Սայադ Սեիդովի հերթական «հոխորտանքը»:
«Սայադ Սեիոդովին անձամբ տեղեկացնում եմ, որ հայակական պատվիրակությունը ողջ կազմով լինելու է հունվարյան նստաշրջանին և ակտիվ մասնակցելու ենք Ադրբեջանի վերաբերյալ հարցերի քննարկմանը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:





