Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, բարձր գնահատելով տարբեր ուղղություններով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը հետագա համագործակցության նոր հնարավորություններ կներկայացնի: Յաապ դե Հուպ Սխեֆերի խնդրանքով` Վ.Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ անվտանգության հետ կապված մի շարք հարցեր: Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին եւ հանձնել «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան փոխգործակցության հնարավորությունները: Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաեւ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վ.Օսկանյանը հանդիպել է Եվրամիության Խորհրդի գլխավոր քարտուղար, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, այդ թվում թուրք-հայկական սահմանի բացմանը, ԵՄ հովանու ներքո տարածաշրջանային տրանսպորտային եւ էներգետիկ նոր նախաձեռնություններին, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր: Հարցերի լայն շրջանակ է քննարկվել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Մայքլ Լիի հետ հանդիպման ընթացքում: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համատեղ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման, ինչպես նաեւ համաեւրոպական գործընթացների առընչվող հարցերի շուրջ: Հունիսի 17-ին Վ. Օսկանյանը մեկնելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:





