Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր Բրյուսելում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հաստատմանն է ներկայացրել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագիրը (IPAP), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի ողջույնի խոսքից հետո Վարդան Օսկանյանը ներկայացրեց փաստաթղթի էությունը, մասնավորապես, Հայաստանի մոտեցումները համագործակցության հեռանկարների հանդեպ, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները: Փաստաթղթում արտացոլված են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը միտված Հայաստանի կողմից առաջադրված նպատակները, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմները: Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը բարձր գնահատվեց Դաշինքի անդամ 26 երկրների դեսպանների կողմից, որոնք Հայաստանին ողջունեցին համագործակցության խորացման ուղղությամբ գործադրած հետեւողական ջանքերի, ՆԱՏՕ-ի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղարար գործողություններում դրսեւորած համագործակցության ոգու եւ ակտիվ մասնակցության համար: Վարդան Օսկանյանը պատասխանել է նաեւ դեսպանների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարական զարգացումների խորացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, հայ-ռուսական, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող ռազմական համագործակցությանը:





