AM
19 Դեկտեմբեր 2012 - 06:16 AMT

«Ժողովուրդ». «Ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երևույթը դատապարտելուց

Երեկ «Ժողովուրդ»-ն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, տիրապետում էին նաև պետական գաղտնիքների, ինչի գաղտնալսումը մեր երկրի համար կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ: «Եվ ահա երեկ գործող ռեժիմը որոշեց և՛ գլխից ազատվել, և՛ գլխացավանքից: Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանն ու Զուրաբյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրենց զրույցի ապօրինի գաղտնալսման ու սոցցանցերում տեղադրման կապակցությամբ քրեական գործ հարուցել և մեղավորներին պատժել, youtube սոցիալական կայքից այդ ձայնագրությունն իսպառ անհետացավ:

Այլ կերպ ասած, երբ պարզ դարձավ՝ կատարվածի առթիվ քրգործ հարուցելու վտանգ է ստեղծվում, սադրանքի հեղինակները միանգամից մկան նման ծակը մտան՝ փորձելով վերացնել ապացույցները: Թեև, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր, այս գործը նույնիսկ «ուչաստկովի»-ն կարող է բացահայտել, այնուամենայնիվ, այս կերպ «ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երևույթը դատապարտելու անցանկալի հեռանկարից:

Կեցցե՛ արդարությունը, որը պատսպարվել է մի քանիսի գրպանում»,- գրում է թերթը: