AM
17 Հունիս 2005 - 04:15 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ ՄԻ ՇԱՐՔ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Մոսկվայում կկայանա ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսակաան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի աշխատանքային հանդիպումը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հունիսի 21-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցված Հայաստանի ձեռնարկությունների գործունեության ապահովման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հունիսի 22-ին հայկական պատվիրակությունը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերին: Հունիսի 23-ին նախատեսվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որից հետո Սերժ Սարգսյանը Դուշանբեում, կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: