AM
19 Դեկտեմբեր 2012 - 09:19 AMT

Խորհրդային տարիների «բարդույթները»՝ Ամանորի հայկական սեղանին

Ամանորին հայ ընտանիքների սեղանին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մի շարք նոր ուտեստներ են հայտնվել: Տոնական սեղանից անբաժան են դարձել խոզի ապխտած բուդը, մսով բլինչիկը, թփով տոլման, բաստուրման ու սուջուխը: Փորձեցինք պարզել, թե որքանով են դրանք առնչվում Ամանորի հայկական ավանդական սեղանի ուտեստների հետ: Ինչպես նշեց ազգագրագետ Հռիփսիմե Պիկիչյանը, Ամանորի հայկական ավանդական սեղանը պետք է զարդարեն պասուց ուտեստները: «Նոր տարվա օրերը պասի օրեր են, ուստի ուտեստներն էլ համապատասխան են: Ավանդական սեղանին պարտադիր էր պասուց տոլման, ոսպից, լոբուց, սիսեռից քյուֆթան, մեծ քանակությամբ ընդեղենը, թարմ և չորացրած մրգերը, ինչպես նաև տապակած կամ չորացրած կանաչին: Իսկ ամենակարևորը «տարեհացն» էր, որը նույնպես լցոնվում էր պասուց բաղադրիչներով, երբեմն էլ մետաղադրամ էին դնում մեջը, և ում բաժին ընկներ դրամը, նրա համար նոր տարին պետք է հաջողակ լիներ: Ինչ վերաբերում է այսօրվա հայկական ամանորյա սեղանին, ապա լայն տարածում գտած խոզի բուդը, բլինչիկը և թփով տոլման Նոր տարի են բերվել օտար տոների ազդեցության ներքո: Ռուսական և եվրոպական ամանորյա սեղաններին ընդունված մսեղենը հայկական ավանդական սեղանին կարող էր հայտնվել միայն Քրիստոսի Ծնունդից հետո, երբ պասն ավարտվում էր: Դրա հետ մեկտեղ՝ մսեղենը Բարեկենդան տոնի առաջին շաբաթվա սեղանի պարտադիր մասն էր և ժամանակի ընթացքում ընդգրկվել է Նոր տարվա սեղանի մեջ»,- նշեց նա:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հիմնադիր-նախագահ Սեդրակ Մամուլյանը փաստեց, որ թփով տոլմայից բացի ժամանակակից ամանորյա հայկական սեղանին դրվող ուտեստներից ոչ մեկը հայկական ավանդույթի հետ կապ չունի: «Այդ մսեղենի առատությունը կապված է խորհրդային տարիների դեֆիցիտի հետ, երբ մարդիկ ինչ-որ դժվար ճարվող բաներ էին գնում և պարտադիր դնում Ամանորի սեղանին: Ինչ-որ տեղ դա նաև թուլություն է, ցուցամոլություն, իսկ կանանց համար ապխտած բուդը ամանորյա սեղանի հեշտ պատրաստություն տեսնելու տարբերակ է, քանի որ այն աշխատատար չի, շատ հաճախ անգամ չեն էլ պատրաստում, այլ պատվիրում են և վերջ»,- ասաց նա:

Անդրադառնալով Նոր տարուն պատրաստվող աղցաններին` Մամուլյանն ընդգծեց, որ հայկական ավանդական ամանորյա աղցանները պատրաստվել են հիմնականում բանջարեղենից, առանց մսի, ինչպես նաև` կանաչիով: «Հաճախ պատրաստվող վինեգրետը լայնորեն տարածված է եղել Եվրոպայում և նախահեղափոխական Ռուսաստանում, «Մայրաքաղաքայինը» խորհրդային տարիներին տարածում գտած աղցան է: Ուզում եմ անպայման նշել, որ հայկական սեղանի ամենագլխավոր ուտեստներից է եղել Նավասարդի քաշիկան, որը չխառնած հարիսան է` ձավարի և հավի մսի շերտերով, և որը պատրաստել են, որպեսզի տարին խառնակ չլինի»,- մեկնաբանեց նա:

Երևանի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը պարզաբանեց, որ Նոր տարին, որն ի սկզբանե օգոստոսի 11-ին տոնվող Նավասարդն էր և ապա հունվարի 1 տեղափոխվեց` կոչվելով Կաղանդ, ավանդաբար պահոց շրջան է` դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 5-ի երեկոն: «Ուստիև ուտեստներն էլ պահոց շրջանի ուտեստներ են` ոչ մի կաթնամթերք և մսեղեն: Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը նշանավորվում է Քրիստոսի Ծնունդով, որից հետո սեղանները լիանում են նման ուտեստներով: Այդուհանդերձ, Ամանորի խորհուրդը նույնն է` նոր կյանքը»,- ասաց նա: