Ստեփանակերտի օդանավակայանն անպայման կգործարկվի, դրսից պատվիրվել են որոշակի սարքավորումներ և այժմ պետք է սպասել այդ սարքավորումների ներկրմանը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հավատում է ԼՂ ավիացիոն իշխանությունների հայտարարություններին և վստահ է, որ օդակայանի շահագործման ձգձգումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ տեղի է ունենալու Ադրբեջանի չցանկացածը և ամեն ինչ անելու է, որ դա չլինի:
Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ միջազգային հանրությունը հայտարարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական օդանավերը չպետք է դառնան Ադրբեջանի թիրախը: «Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասկացրել է, որ մեր թռիչքները վտանգվելու դեպքում, կարող են վտանգվել նաև Ադրբեջանի թռիչքները»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ Հունգարիայի հետ գործարքից ու Սաֆարովին հերոսացնելուց հետո Ադրբեջանը բանակցություններում լարվածությունը փորձում է բարդել Ստեփանակերտի օդանավակայնի շահագործման վրա:





