AM
19 Դեկտեմբեր 2012 - 10:56 AMT

2012-ին ոչ սթափ վիճակում տաքսու 191 վարորդ է հայտնաբերվել

Տաքսի ծառայությունների որակը կբարելավի, եթե Ավտոմոբիլային ֆեդերացիային նոր, ազդեցիկ լիազորություններ տրվեն: Առաջարկը Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահինն է: Մկրտիչ Փիլթոյանի խոսքով՝ Եվրոպայում հենց այդպես է հարցը լուծվել:

«Ուժեղ կառույցներ են այնտեղի ֆեդերացիաները, տարին մեկ անգամ ստուգումներ են անցկացնում: Ամռանը սահադաշտի վրա տրանսպորտը քննություն է հանձնում, թեստավորում անցնում ու հավաստագիր ստանում: Այդպիսի պլան մենք դեռ 2007-ին ենք մշակել, բայց հնարավոր չեղավ իրականացնել: Հիմա տեսնում ենք, որ կառավարությունն էլ է շահագրգռված», – ասաց Մկրտիչ Փիլթոյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ պահանջել ոստիկանությունից, որ ավելի ուժեղացնի վերահսկողությունը, իրենք պիտի սեմինար կազմակերպեն, գրքույկներ տրամադրեն:

« Ամբողջ հանրապետությունում 7500 տաքսի կա, մենք չենք կարող բոլորին վերահսկել: Պիտի վերահսկեն իրենց իսկ կազմակերպությունները, բայց տաքսի ծառայությունների ղեկավարներն էլ ասում են` գնա, բեր, պլանը փակի: Չեն նայում վարորդը սթա՞փ է, մեքենան սարքի՞ն է», – ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը:

Նրա տվյալներով՝ ընթացիկ տարում տաքսու վարորդների վերաբերյալ 26.000 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել: Միայն 191 վարորդի հայտնաբերել են ոչ սթափ վիճակում: