«Հայէլեկտրո» գործարանի հանրակացարանում ապրող բնակիչների գործը դեռ քննարկման փուլում է, պատրաստվում են համապատասխան փաստաթղթեր: Շենքը վաճառվում է գործարանի պարտքերի դիմաց, որտեղ ապրում է 62 ընտանիք, որոնցից 22-ը Բաքվից գաղթածներ են:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Համայնք և իրավունք» ՀԿ նախագահ, իրվապաշտպան Սամվել Մկրտչյանն ասաց, որ դեռ 1996 թ-ին նախագահի հրամանում ասվում է, որ այն քաղաքացիներին, ովքեր չունեն նոր կեցության վայր, չի կարելի վտարել կեցության ներկա վայրից:
ՀԿ-ն գործը հանձնելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ ի սկզբանե սխալ է եղել այն, որ շենքը տրվել է գործարանին: Փոխարենը, ինչպես մյուս հանրակացարանները, դա էլ պետք է հանձնվեր Տեղական կառավարման մարմիններին:
Մկրտչյանն ասաց, որ խախտվել է նաև Սահմանադրության 131-րդ կետը, որտեղ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի սեփականության իրավունք:
Իրավապաշտպանը նշեց, որ ՀԿ-ն կպայքարի մինչև վերջ:
Շենքը վաճառվում է 316 մլն դրամով: Պարտքերի չափի մասին տեղեկություն իրավապաշտպանը չունի:Նա ասաց, որ դա իրենց չի հետաքրքրում:





