AM
19 Դեկտեմբեր 2012 - 11:47 AMT

ԱԺ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ ՀՀԿ նախագիծը Լյովա Խաչատրյանին դոմինո է հիշեցնում

ԱԺ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ քաղաքական մեծամասնության նախագիծը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին դոմինո խաղն է հիշեցնում: «Քարերը բերում են դնում և բղավում «ռիբա-տուպիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը: Լյովա Խաչատրյանը կարծում է, որ Էթիկայի հանձնաժողովը սպանեցին հայկական էթիկայի կանոններով, սակայն հույսը դեռ կորած չէ. «Որոշումը դեռևս համաձայնեցված չէ»:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով ասաց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ Հանրապետական կուսակցության պատգամավորների նախագիծը կազմվել է այնպես, որ «պերսոնաների» վերաբերյալ միտումնավոր քաղաքական որոշումներ չկայացվեն: «ԱԺ-ում ունենք վեց խմբակցություն, երկուսն՝ իշխանական, 3-ը՝ ընդդիմադիր, մեկն էլ՝ իբր ընդդիմադիր: ԱԺ-ում, որտեղ իշխող ուժը մեծամասնություն է կազմում, պերսոնաների հարցը կարող է քննարկվել և կարող է կայացվել քաղաքական որոշում, որովհետև ընդդիմադիրներն են մեծամասնություն կազմում հանձնաժողովում: Մեր առաջարկը փոխզիջումների դաշտ է բերում անձերի հարցը»,- ասաց Մանվել Բադեյանը:

Լյովա Խաչատրյանն էլ նկատեց, որ ՀՀԿ-ականները կոնսենսուսի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իրենց է ձեռք տալիս: «Եթե անձնական հարցերի բոլոր քննարկումներում այս սկզբունքը դրվեր, միգուցե, մենք հասկանայինք և հավատայինք ձեզ: Դա պարզապես սիրուն բառերի շարան է և ոչ մի հիմնավորում չեմ տեսնում»,- ասաց Լյովա Խաչատրյանը և նկատեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին դատախազության միջնորդությամբ անձեռնմխելությունից զրկելիս ՀՀԿ-ն չդիմեց կոնսենսուսի և հավասարության տարբերակին: Մանվել Բադեյանն էլ կարծում է, որ Էթիկայի հանձնաժողովի և Օսկանյանի հարցերը համեմատելի չեն: