AM
19 Դեկտեմբեր 2012 - 12:02 AMT

Վարորդ. Ձմեռային անվադողերը թանկ են, փող ունենայի կփոխեի

Ձմռանը վթարների ճնշող մասը տեղի է ունենում ամառային անվադողերի պատճառով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը: Ըստ նրա՝ Ճանապարհային ոստիկանությունը չի կարող հսկել, որ բոլորն անպայման անիվները փոխեն:

«Ի՞նչ անենք, գնանք ընկնենք դռնեդուռ, ասենք մի հատ բացեք ձեր ավտոտնակը, տեսնենք փոխել եք, թե՝ ո՞չ», – ասաց Հայկ Սարգսյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է վարորդների հետ: 4-ից 1-ը այս եղանակին ամառային անվադողերով է վարում մեքենան: Ասում են`ձմեռայինը թանկ է:

«Փող ունենայի կփոխեի, 4 հատը որ փոխեմ 100.000 կնստի: Իմ աշխատավարձը սկի էդքան չի» , – ասաց մեքենան դեռ ամառային անվադողերով վարող Արմենը:

«Մեկին 26 հազար եմ տվել: Թանկա, բա ինչա, բայց ո՞նց չփոխես, քո անվտանգություննա», – ասաց վարորդներից մյուսը:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը խոսել է նաև անվադողերի վաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցչի հետ: Արթուր Մուրադյանի խոսքով՝ անվադողերի գինը կախված չափից սկսում է 22-23 հազարից մինչև 200-220 հազար և ավելի: