AM
19 Դեկտեմբեր 2012 - 12:06 AMT

ԿԸՀ. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում ՀԱԿ խմբակցության կողմից աուդիտոր չի նշանակվել

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:

Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչև 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից: