AM
19 Դեկտեմբեր 2012 - 13:13 AMT

Լրագրողները ԱԺ նախագահին խնդրում են «կարգի հրավիրել» Մհեր Սեդրակյանին և Սամվել Ալեքսանյանին

Այն բանից հետո, ինչ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ափերից դուրս է եկել և սպառնացել «Ա1+»-ի լրագրողին, մի խումբ լրագրողներ Facebook սոցիալական ցանցում խումբ են բացել, որտեղ նամակ-պահանջ են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Լրագրողները պահանջում են քաղաքական գնահատական տալ կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից:

«Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն»,- ասված է ԱԺ նախագահին ուղղված նամակում:

Ավելացնենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձել է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Սակայն, դեռ լրագրողի հարցը չլսած` ՀՀԿ խմբակցության պատգամավորը ափերից դուրս է եկել և ասել. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: