AM
19 Դեկտեմբեր 2012 - 13:21 AMT

Հայաստանում կհիմնվեն հինգ մոդելային մարզային սպանդանոցներ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և հինգ մասնավոր ընկերություններ (ԱՁ Խասիկ Տիտանյան, Լոռիի մարզ, «ԱԳԱԹ 777» ՍՊԸ, տնօրեն` Աղվան Կարապետյան, Արագածոտնի մարզ, «ԶՕՐ» ՍՊԸ, տնօրեն` Արմեն Հովհաննիսյան, Կոտայքի մարզ «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, գործադիր տնօրեն` Սուրեն Հայրապետյան, Կոտայքի մարզ, «ԱՐԱԼԵՌ ՏՈՏ» ՓԲԸ, տնօրեն` Գագիկ Հովհաննիսյան, Վայոց Ձորի մարզ) ստորագրել են Հայաստանում ժամանակակից մոդելային սպանդանոցներ հիմնելու համագործակցության պայմանագրեր, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

«Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության» ծրագրի իրականացմանն օժանդակություն են հայտնել Հունաստանի կառավարությունն ու Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, որը պետք է ապահովի ծրագրի տեխնիկական և գործառնական մասը: Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Հունաստանի կառավարության կողմից 2009 թվականին, նրա ընդհանուր բյուջեն 1.6 միլիոն ԱՄՆ դոլար է: 2009 թվականի տնտեսական ճգնաժամը խոչընդոտեց ծրագրի իրականացմանը նույն տարում, սակայն աշխատանքները կատարվեցին հաջորդ տարիներին: Ելնելով արդյունավետությունից` ծրագիրը երկարաձգվեց մինչև 2013 թվականի օգոստոս ամիսը: Ծրագրի շրջանակներում նախատեսվող հինգ մոդելային մարզային սպանդանոցների հիմնումը կնպաստի տեղական կազմակերպությունների և ծառայություն մատուցողների կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Պայմանագրի ստորագրմանը մասնակցել և շնորհավորանքի խոսք են ասել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տարինսին, Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, մասնավոր հատվածի ներկայացուցիչ Արմեն Ջանվելյանը:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի ՊԳԿ կազմակերպությանը ծրագրին աջակցելու համար, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է. «Սպառողներին անվտանգ միս և մսամթերք մատակարարելու առումով անչափ կարևոր է Հայաստանում ժամանակակից սպանդանոցներ ունենալը : Այսօր լուրջ խնդիր է գյուղատնտեսական կենդանիների բակային համատարած սպանդը, մսի և մսամթերքի միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող պայմաններով տեղափոխումը և վաճառքը: Ուստի խնդրի կարգավորումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Մարզային սպանդանոցների հիմնումը Հայաստանում մսամթերքի արտադրության անվտանգ շղթայի զարգացման կարևոր քայլերից է և լինելու է շարունակական»: