Ինչպես ենք պատրաստվում ձմռանն ու Ամանորին: Տարբեր ընտանիքների ու սերնդի կանանց հետ զրուցելով փորձեցի հասկանալ ու ցույց տալ մարդկանց ու նրանց խնդիրները, դրանք լուծելու փորձերը: Տնտեսագիտական ճկուն միտք ունեցող տնտեսուհիները ջանացել են սեղմել ծախսերը, բայց վերջին հաշվարկներն էլ դեռ կրճատվելու տեղ ունեն: Ցուցակից դուրս մնալու ենթակա չեն միսը` բուդն ու տոլմաները, խմիչքը` ոգելից ու զովացուցիչ, միրգը` պարտադիր մեկ հատ անանասով, որը մինչև հունվարի 13-ն այդպես էլ չի կտրվում, չիրը, ընդեղենը, կոնֆետն ու աղցանները, բաստուրմա-սուջուխ-զեյթունը, երշիկն ու պանիր` տեսակներով: Նկատեք, սրանք այն ապրանքներն են, որոնք նախատոնական օրերին թանկանում են, սրան էլ ավելացրեք, որ օբյեկտիվորեն ամռան ծախսերն ավելի քիչ են` թեկուզ կոմունալ վճարների հաշվին:
Տարբեր տարիք ու եկամուտ ունեցող կանանց հետ եմ զրուցել: Նրանք չորսն են: Ձմռան համար հիմնականում կարտոֆիլ են գնում, թթու, պահածոներ պատրաստում: Ամանորի համար նրանցից մեկը շքեղ սեղան է պատրաստում, մյուսն ընդհանրապես ոչինչ չի անելու: Նրանք են`
Քնարիկ, 48 տարեկան, ընտանիքում 5 անդամ, Ամանորի սեղանի համար նախատեսում են ծախսել 500 հազ. դրամ. «Ձմեռվան առանձնահատուկ չեմ պատրաստվում: Ցուրտ օրերին ամեն անգամ գնումների չգնալու համար միայն մի քանի օրվա համար անհրաժեշտն եմ գնում: Օրինակ, կարտոֆիլը: Ամեն անգամ 10 կգ եմ գնում, որ ստիպված չլինեմ ամեն օր գնել:
Նոր տարվա սեղանի համար ծախսը հարաբերական է: Հիմնական մթերքների մի մասն ամեն օր ենք օգտագործում: Օրինակ՝ միրգ, ընկույզ: Այո, արդեն սկսել եմ անհրաժեշտ գնումները»:
Անահիտ, 53 տարեկան, ընտանիքում 6 անդամ, Ամանորի սեղանի համար նախատեսում են ծախսել 100 հազ. դրամ.«Որ չպատրաստվեմ, դժվար կլինի ձմեռն ապրելը: Մի պարկ կարտոֆիլ եմ առել: Քիչ կլինի, բայց ավելիի համար գումար է պետք: Թթու եմ դրել, պահածոներ էլ ունեմ:
Նոր տարվա սեղանի համար գնումները չեմ սկսել: 3 օրից կսկսեմ, երբ տղամարդիկ աշխատավարձ ստանան: 100 հազարից ավելի չեմ նախատեսում: Փոքր երեխա ունենք, կոմունալներ պիտի վճարենք, ձմեռն ապրենք»:
Լիլիթ, 28 տարեկան, ընտանիքում 3 անդամ, Ամանորի սեղանի համար նախատեսում են ծախսել 150 հազ. դրամ.«Սկեսուրս, մամաս են օգնում պահածոների, թթուների ու այդ տեսակ բաների հարցում: 2 պարկ կարտոֆիլ ենք գնել:
Նոր տարվա առևտուրը կսկսեմ հենց աշխատավարձ ստանանք»:
Հասմիկ, 40 տարեկան, ընտանիքում 4 անդամ, Ամանորի սեղանի համար ոչինչ չի նախատեսում ծախսել.«Թթու եմ դրել, պահածոներ պատրաստել, բայց այս տարի նախորդից քիչ: 3 պարկ կարտոֆիլ եմ գնել:
Նոր տարվա սեղանի համար ոչինչ էլ չեմ նախատեսում ծախսել: Մեր տանը ոչնչի պակաս չի լինում, ավելորդ բեռ է մի քանի օրվա համար մեծ գումարներ ծախսելը: Այս տարի որոշել եմ խնայել:
Մի քանի օրում խանութները դատարկող, մի քանի օր էլ դատարկ խանութներին պիտակավորող, զարմացնել ու չզարմանալ փորձող ոչ մեկը Նոր տարուց ու ծախսերից չի խուսափի: Կարևորը չմոռանալ, որ տոներից հետո է իրական ձմեռը սկսում` վերջին կոպեկը խնայել է պետք:





