Վաղը Մաշտոցի պուրակում կներկայացնեն Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ նոր բացահայտումներ: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտնում են, որ հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ: «Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ ենք անում ներգրավվել աշխատանքներին և աջակցել Թեղուտի պաշտպանությանը:
Մաշտոցի պուրակից այնուհետև հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





