ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է նախագահական ընտրություններին ընդառաջ The Gallup Organization-ի անցկացրած հարցումներին: «Ավելորդ է շեշտել, որ The Gallup Organization-ը համաշխարհային լրջագույն համբավ և հեղինակություն ունեցող նմանատիպ կառույցներից մեկն է, որին վստահում են և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում, և՛ այլուր: Հետաքրքիր է, որ իր ստեղծման օրվանից` 1935 թվականից առ այսօր այս կազմակերպությունը սխալվել է ընդամենը մեկ անգամ` 1948 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին կանխատեսելով Թոմաս Դյուի հաղթանակը, այն դեպքում, երբ ընտրություններին հաղթեց Հարրի Թրումենը: Այլևս այդ սխալը չի կրկնվել և մնացյալ բոլոր կանխատեսումներում եղել է 100% ցուցանիշ:
Հայաստանում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանի 49% արդյունքը շատ տպավորիչ է: Եվ սա` առանց քարոզարշավի, առանց վերջնական նախընտրական ծրագրի, առանց նախընտրական հանդիպումների:
Ուստի, հետևություն առաջին. Հայաստանի գործող նախագահի բազային քաղաքական կապիտալը շատ մեծ է:
Հետևություն երկրորդ՝ պետք է շարունակել աշխատել, ամբողջ եռանդով և նվիրվածությամբ, որպեսզի փետրվարի 18-ին անցկացնենք Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրությունները, և որպեսզի The Gallup Organization-ը նորից ճիշտ լինի»,- գրում է Արմեն Աշոտյանը:





