AM
21 Դեկտեմբեր 2012 - 11:13 AMT

2012-ին 15 բուժհաստատություններ հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին

2012թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել: Ինչպես այսօր ասուլիսում նշեց քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, 2012թ. մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, կազմակերպվել է միջոցառում` նվիրված սոցիալական խմբերում ներառված շուրջ 900 կանանց, այդ թվում նաև Երևանում բնակվող ազգային 12 փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում միջոցառում է կազմակերպվել Արցախյան պատերազմի մասնակից կանանց, զոհվածների մայրերի և զոհված ազգային հերոսների մայրերի, բազմազավակ մայրերի և երեխայի սպասող մայրերի մասնակցությամբ: Ապրիլի 24-ի կապակցությամբ Եղեռնը վերապրած երևանաբնակ 24 քաղաքացիների տրամադրվել է միանվագ դրամական օգնություն:

Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ Շուշիի հերոսամարտի և Արցախյան պատերազմի մասնակիցների համար կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել է հյուրասիրություն և յուրաքանչյուրին հատկացվել է նվեր։ Դրամական աջակցություն է ցուցաբերվել «Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական խորհրդին»։ Մայիսի 9-ի կապակցությամբ միջոցառում է իրականացվել Հայրենական պատերազմի վետերանների խորհրդում։ Դրամական աջակցություն է ցուցաբերվել հայրենական պատերազմի վետերաններին։ Դրամական աջակցություն է ցուցաբերվել նաև «Կոմանդոս» ջոկատի ազատամարտիկներին։

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, քաղաքապետի հանձնարարությամբ լայնածավալ և բազմազան միջոցառումներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական աջակցության ակցիա է իրականացվել 100 տարեկան և ավելի տարիք ունեցող երևանաբնակ 23 տարեցների, ինչպես նաև 90 տարեկան և ավելի տարիք ունեցող 390 տարեցների համար։

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է աջակցություն հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնահարցերով զբաղվող կառույցներին։ Քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվել են այցեր Հաշմանդամների ինտեգրացիոն կենտրոն, Հայաստանի խուլերի միավորում, Հայաստանի կույրերի միավորում, ցուցաբերվել է հոգածություն, օժանդակություն, տրամադրվել է թանկարժեք տեխնիկա: 2012թ. 15 բուժհաստատություններ հարմարեցվել են հաշմանդամների կարիքներին, այդ նպատակով հարմարեցվում են նաև կառուցվող շենքերը, շինությունները, անցումները, մայթերը, բարեկարգվող այգիները, պուրակները: Հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր մշակութային հաստատություններ անվճար է:

Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 25-ին և 26-ին 2500 երեխաների, այդ թվում սիրիահայ երեխաների համար նախատեսվում են տոնական միջոցառումներ կարիքավոր ընտանիքների երեխաների համար, ինչպես նաև կտրամադրվեն ամանորյա նվերներ։

Մայրաքաղաքի Գ. Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Հ. Պարոնյանի անվան թատրոնների հետ համատեղ կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված կարիքավոր անձինք մասնակցել են թատերական անվճար ներկայացումների: