Լրագրողները ԱԺ փոստարկղ են գցել 160-ից ավելի լրագրողների ստորագրությամբ նամակը՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Աբրահամյան, օրինակները քիչ չեն, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, մեղմ ասած, անվայել վարք են դրսևորել լրագրողների նկատմամբ: Նման պատգամավորները մեկը կամ երկուսը չեն. Առաքել Մովսիսյան, Կարո Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գևորգյան… Վերջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել Ձեր կուսակցին՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է և սպառնացել՝ «… կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է և համացանցում կա): Մհեր Սեդրակյանի դեպքը միայն թարմ օրինակ է, որը լցրել է մեր՝ ներքոստորագրյալ լրագրողներիս համբերության բաժակը: Մենք մեր աշխատանքներն իրականացնելիս հաճախ շփվում ենք նման պատգամավորների հետ, ովքեր հասարակ, մարդկային շփման կանոններին չեն տիրապետում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մեկ անգամ արդեն արժանացել է Էթիկայի հանձնաժողովի կոպիտ գնահատականին, լրագրողներին դիմում է «քուր ջան, ազիզ ջան, ցավտ տանեմ» և նման մի շարք փողոցային բառապաշարով: ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ մուտք գործած մեկ այլ պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո) լրագրողին Հանրապետության հրապարակում հայհոյում է:
Կան պատգամավորներ, որոնց երբ լրագրողները փորձում են հարց տալ, պատգամավորին ոչ վայել արտահայտություններով են արձագանքում` «թռաք ստից, սրանցից պրծում չկա, դու մուտիլովշիկ ես, ինձ մի նկարի»:
Դառնալով թարմ դեպքին. գուցեև պատգամավոր Սեդրակյանի արարքը համադրելի է ՀՀ Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածին: Սա մասնագետների, տվյալ դեպքում՝ իրավապահների խնդիրն է, և հուսով ենք՝ այս հարթությունում ևս կտրվեն հստակ պատասխաններ:
Անշուշտ, ամեն մարդ իր արածների համար առաջին հերթին ինքն իր առաջ է պատասխանատու: Թե ինչպիսին կլինեն արարքը և ի հետևանք՝ պատասխանը, իհարկե, կախված է տվյալ անձի տեսակից, կրթական մակարդակից ու դաստիարակվածության աստիճանից: Բայց լրագրողների հետ «շփման» վերոնշյալ դեպքերի կրկնելիությունը պայմանավորված է նաև ամենաթողությամբ. երբ «քաղաքավարի» պատգամավորներին առնվազն կարգի հրավիրողներ չկան, լինում է այն, ինչ եղել է մինչ օրս:
Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երևույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ: Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին և Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետև նմանօրինակ ոչ մի դեպք անհետևանք չի մնա, և յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաև, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեև սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից: Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետևանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա»:
Ավելացնենք, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մհեր Արշակյանին և ափսոսանք հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:





