Այսօր Երևանի պետական համալսարանում կայացավ բուհի կառավարման խորհրդի նիստը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես դրան հաջորդած ասուլիսում հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանընիստում հաստատվեց ԵՊՀ 2013թ. բյուջեի նախագիծը, ըստ որի` բյոջեն կկազմի 8,761 մլրդ դրամ: «Բյուջեում առանձին հավելվածով ներառվել են նաև ԵՊՀ 2012-2014թթ. ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքը:
Ռեկտորը տեղեկացրեց, որ նիստում ամփոփվել է ԵՊՀ 2012թ. 9 ամիսների գործունեությունը: «Բուհի աշխատանքը գնահատվեց բավարար: Այս տարի դիմորդների աննախադեպ աճ ենք ունեցել. հանրապետության դիմորդների 1/3-ը դիմել է ԵՊՀ: Արդյունքում ավելացել է վճարովի տեղերի քանակը, ինչպես նաև 2013թ. հունվարի 1-ից կբարձրանա 3079 դասախոսների աշխատավարձը, որի միջինը նախկին 120 հազարից կհասնի 140 հազարի` ավելանալով 15-20%-ով: Ինչ վերաբերում է կրթաթոշակներին, ապա դրանք պետության կողմից են սահմանվում և կմնան նույնը»,- ասաց ռեկտորը` հավելելով, որ բուհը այդ թվում 56 անվանական կրթաթոշակ է վճարում, որը կազմում է ամսական 30-ից 60 հազար դրամ:
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքին` Արամ Սիմոնյանը նշեց, որ փետրվարին կմշակվի հակակոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի նոր եռամյա ծրագիր և ուրախությամբ փաստեց, որ որոշ ֆակուլտետներում հանձնաժողովի աշխատանքի և հարցումների արդյունքում կոռուպցիոն ռիսկերը զրոյի են հասցվել:
ԵՊՀ ռեկտորը նաև տեղեկացրեց, որ 2013-ին ուսանողները անսահմանափակ անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն կունենան: «Դա շատ կարևոր ձեռքբերում է կրթական գործընթացի բարելավման հարցում: Մյուս կարևոր ձեռքբերումը երկակի դիպլոմների շնորհումն է, որի պրակտիկան դեռևս նոր է ԵՊՀ համար և առայժմ ոչ ավելի քան 25 նման դիպլոմ է շնորհվել: Այդուհանդերձ, այդ պրակտիկան կշարունակվի: Կրթական գործընթացի բարելավման և թափանցիկության ապահովման նպատակով ԵՊՀ 50 լսարաններում տեղադրվել են տեսախցիկներ, և բոլոր քննությունները տեսաձայնագրվում են»,- ասաց նա` հավելելով, որ համալսարանը 15-20 տարի անց մտադիր է գիտահետազոտական կենտրոն դառնալ, ուստի մոտակա 5 տարիների ընթացքում դրա համար պետք է նախադրյալներ ստեղծվեն, ինչի ուղղությամբ էլ այժմ աշխատում է բուհը:





