2012թ. Հայաստանում սիրիահայերին 2 մլն դոլարի զեղչեր են տրամադրվել պետության կողմից: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Սիրիահայերի խնդիրները նախատեսված չէին նախարարության կողմից, բայց իրերի դրությունը թելադրեց և պարտավորեցրեց զբաղվել այդ հարցով: Այսօր Հայաստանում գտնվում է 6000 սիրիահայ՝ շուրջ 2000 ընտանիք: Կացարանով ապահովվել են 100 հոգի, 20 ընտանիք տեղավորվել են հայաստանցիների տներում՝ առանց վարձավճարի: Իսկ 300 ընտանիքի բնակարանի վարձը վճարել է ՀԲԸՄ-ը: Դրա հետ մեկտեղ 2012թ. ընթացքում աշխատանքի տեղավորվելու համար Սփյուռքի նախարարություն է դիմել շուրջ 700 սիրիահայ, որոնց գրեթե կեսը նախարարության աջակցությամբ ապահովվել են աշխատանքով»,- նշեց նա:
Նախարարը շեշտեց, որ սիրիահայերը բժշկական օգնություն և սպասարկում ստանում են անվճար: «Հայաստանի դպրոցներ և մանկապարտեզներ հաճախում է ավելի քան 695 երեխա, իսկի սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկյան» դպրոց հաճախում է 265 աշակերտ: ՀՀ նախագահի հովանու ներքո, ՀՀ կառավարության որոշմամբ, «Պրոմեթեյ» բանկի, «Հայբիզնեսբանկի» բարերարներ Հրայր Հովնանյանի և Արա Աբրահամյանի ֆինանսական օգնությամբ շուրջ 450 սիրիահայ երեխա երկշաբաթյա ամառային հանգիստն են անցկացրել ճամբարներում, իսկ 250 երեխա՝ «Արի տուն» ճամբարում:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրական շուրջ 30 սիրիահայ է այցելել նախարարություն զանազան հարցերով, որոնց լուծման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերելՀայկական բարեգործական ընդհանուր միությունը և Հայ օգնության միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն, միջազգային մի շարք կազմակերպություններ:





