Դեկտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված հոբելյանական ծրարների և դրանց վրա փակցված` երկու երկրների նամականիշերի մարման հանդիսավոր արարողություն, որի համար օգտագործվեցին հատուկ այդ առիթով պատրաստված դրոշմակնիքներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Մարումն իրականացրեցին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՉԺՀ ԱԳՆ-ին առընթեր ֆիլատելիստների ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Մա Սյաոլինը: Արարողությանը ներկա էին նաև մի շարք չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ մշակված ծրարների վրա Արարատ լեռան ներքո պատկերված են ՀՀ և ՉԺՀ պետական դրոշները, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Պեկինի ՙԵրկնքի Տաճարը՚: Հայկական կողմի դրոշմակնիքի վրա պատկերված է Հայաստանի Ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքը:–ԿԱ-





