AM
24 Դեկտեմբեր 2012 - 08:22 AMT

ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցավ «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմայով քննարկում

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ 2012թ. վերջին բաց քննարկումը նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես եկան տվյալ թեմային առնչվող ելույթներով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը և մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքերը, այլ նաև պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ: Նա հավելեց, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք ու վճռականություն:

Դեսպան Նազարյանը նշեց նաև, որ ԱԽ հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարևորելով խաղաղաշինության գործընթացների և մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, և որոնք հանդիսանում են հարատև անվտանգության և կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ԱԽ դեկտեմբերի 20-ի նիստի արդյունքում ընդունվեց նախագահական հայտարարություն:

2005թ. դեկտեմբերի 20-ին ի կատարումն ՄԱԿ-ի գագաթաժողովի որոշման ԱԽ-ի և ԳԱ-ի որոշմամբ ստեղծվեց ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը, որը միջկառավարական խորհրդատվական մարմին է: ՄԱԿ-ում գործում է նաև Խաղաղաշինության հիմնադրամը և Խաղաղաշինության աջակցման գրասենյակը, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում և համակարգում են կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային ֆինանսական հաստատությունների, դոնորների ու տարածաշրջանային դերակատար կառույցների հետ: