AM
24 Դեկտեմբեր 2012 - 10:24 AMT

Վահան Սիմոնյան. Գործատուն կարող էր կրճատումներ անել առանց «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի

2010 թվականին ընդունված և 2013-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը փոխարինելու է «Եկամտահարկի մասին» և «պարտադիր սեցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներին: Այսօր ասուլիսի ժամանակ բացատրեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը և ավելացրեց. «Այս հարկը պետբյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից»:

Նոր կարգով որպես հարկման բազա է դիտարկվում նաև նվազագույն եկամուտը` որևէ արտոնություն չի նախատեսվում: Մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում հարկվելու է 24.4 տոկոս, 120.000-2 մլն աշխատավարձի դեպքում 26 տոկոս, իսկ 2 մլն և ավելի եկամուտ ունեցողներից հարկվելու է 36 տոկոս:

Որպես առավելություն Վահան Սիմոնյանը նշեց բյուրոկրատական քաշքշուքներից ազատվելը, իսկ գործատուի համար մեծ ծախսեր չեն լինի` 1000-2000 դրամի սահմաններում: Հարկային բեռի ավելացման համատեքստում թաքնված աշխատուժի, կրճատումների մասին նշեց.«Առանց այս օրենքի էլ գործատուն կարող էր ազատել աշխատանքից կամ աշխատավարձի չափին անդրադառնալ: Սրանով էականորեն չենք էլ դրդում: Իսկ եթե ցույց չտա աշխատողների չափը, կտուգանվի` 3 աշխատողի դեպքում 60.000 դրամով, 3-6-ի դեպքում 150.000 դրամով, 7-9-ի դեպքում 300.000 դրամով և 9-ից ավելի աշխատողի դեպքում 600.000 դրամով»: