Նորակոչիկն անգամ զորամաս չի հասել, զինվոր չի եղել: Այսօր առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ եղած 1994 թվականին ծնված նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ծնողները պնդում էին, որ երեխան քար առողջություն է ունեցել, սպորտսմեն էր: Բժշկական հանձնաժողովն էլ ոչ մի խնդիր չէր գտել», – ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց զերծ մնալ նախնական մեղադրանքներից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն։
Անդրադառնալով 2012-ի ընթացքում գրանցված սպանություններին, ինքնասպանություններին և այլ հանցագործություններին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դրանցից ոչ մեկը գաղտնի չի պահվել` բոլոր դեպքերը հրապարակվել են:
«Գոնե վերջին 2-3 տարում նման ոչ մի դեպք չկա. ՊՆ-ն բաց է աշխատում: Ամփոփ տվյալները կհրապարակվեն փետրվարին», – ասաց նա:





