Հայ զինծառայողները շարունակում են կրթություն ստանալ արտերկրում։ Մանրամասն տվյալներ այսօր ասուլսի ժամանակ ներկայացրեց ՊՆ Կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը։
«Այս պահին ՌԴ-ում սովորում է ավելի քան 250 հայ կուրսանտ և սպա։ ԱՄՆ-ում կրթություն ստացող սպաները և կուրսանտները 30-ն են, 200-ն արդեն վերադարձել է: Հայ զինծառայողները սովորում են նաև Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Լիտվայի ռազմակրթական հաստատություններում», – ասաց նա:
Սպայական կազմը երկարաժամկետ և կարճաժամկետ պայմաններով է սովորում, իսկ կուրսանտները` 2-7 տարի տևողությամբ` բուհի նախատեսած կարգով:
2012-ը ամփոփելով` Կադրերի և ռազմական կրթության վարչության պետը նշեց նաև, որ հաստատվել է ռազմական կրթության հայեցակարգը: Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և ներկայացվել ԿԳՆ հաստատմանը: Մասնագիտությունների ցանկն էլ ներկայացվել է Կառավարության հաստատմանը:
Մհեր Շիրինյանն անդրադարձավ նաև սպաների որակավորման նոր` թեստավորման համակարգին: Այսուհետ ավելի բարձր կոչում ստանալու համար ամեն անգամ սպան պետք է դասընթացներ անցնի. տևողությունը մեկ շաբաթ և ավելի։





