Զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվել հատկապես ձմռանը պատրաստվելու համար: Իրականացվել են 4 177 քմ ապակեպատման աշխատանքներ, 167 310 քմ ներկարարական աշխատանքներ, վերանորոգվել են տանիքները: Ամփոփելով 2012 թվականին ԶՈւ-ում կատարված շինարարական աշխատանքները` տեղեկությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը:
«Ձմռան նախապատրաստման հետ կապված հատուկ ուշադրություն ենք դարձրել կաթսայատնտեսությունների շահագործման աշխատանքներին` վերանորոգվել է 161 միավոր տարբեր հզորության էլեկտրական շարժիչ, 94 տարբեր պոմպեր և այլն»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ սպայական կազմի համար բնակարանաշինության 2013 թվականի ծրագրով նախատեսված է Վանաձորում, Էջմիածինում, Արարատում և Կարմրաքարում և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 5 բնակելի շենքի կապիտալ վերանորոգում, որոնցում լինելու են ընդհանուր թվով 155 բնակարան: Կառուցվելու է նաև 3 նոր շենք: Մասնավորապես, Երևանում կառուցվելիքը կունենա 132 բնակարան:
«Կան նաև շենքեր, որոնց վերանորոգման կամ շինարարական աշխատանքները սկսվելու են 2013-ի երկրորդ կեսին և ավարտվելու են 2014 թվականին», – ասաց Աշոտ Գրիգորյանը:
Նա անդրադարձավ նաև ծառայողական բնակարանների սեփականաշնորհման խնդրին` նշելով, որ հարցն առայժմ քննարկման փուլում է:
2013 թվականին ռազմական հոսպիտալների վերանորոգման աշխատանքների մասին Աշոտ Գրիգորյանն ասաց. «Շենքերը հին են, բայց յուրաքանչյուր տարի փորձում ենք հնարավորինս կարգի բերել: 2013 թվականին պլանավորված է Կենտրանական կայազորային հոսպիտալի կենտրոնական մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակել և սկսել թռիչքային մասնաշենքի աշխատանքները»:





