Տոնական օրերին բնակչության ահազանգերին արագ արձագանքելու նպատակով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ և օպերատիվորեն արձագանքել հնարավոր բոլոր վթարային իրավիճակներին: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայություններին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ աշխատանք:
Քաղաքապետն առանձնահատուկ ընդգծել է տոն օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հնարավոր տեղումների դեպքում էլ ձևավորված օպերատիվ շտաբերի միջոցով կիրականացվեն ձնամաքրման ն աշխատանքներ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Բացի այդ, տոնական օրերին համապատասխան հսկողություն կիրականացվի ոչ միայն հաստատված չվացուցակների խախտումները բացառելու, այլև երկարաժամյա ժամանակացույց ապահովելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է ևս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինել ավտոբուսայինով: Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են:
«Այս տարի մայրաքաղաքի ձևավորումն ու լուսավորությունն իսկապես հաջողվել է, ինչն առաջին հերթին փաստում են մեր քաղաքացիները: Իմ շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին, ովքեր ջանք չեն խնայել քաղաքն ավելի տոնական դարձնելու համար: Սակայն պետք է չմոռանանք նաև այդ ամենը խնամքով պահպանելու մասին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Վարչական շրջանների, խանութների, բանկերի, քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների և այլ հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տարածքների ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթների ընթացքի վերաբերյալ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ հիմնական ձևավորումներն ավարտված են, և առաջիկա օրերին արդյունքները կամփոփվեն: Լավագույնները քաղաքապետի կողմից կստանան համապատասխան խրախուսական մրցանակներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





