AM
25 Դեկտեմբեր 2012 - 09:00 AMT

ՊՆ-ն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կգործակցեն զինվորական արդարադատության ոլորտում

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր ստորագրեցին կառույցների համագործակցության 2013 թվականի ծրագիրը:

«Պայմանագրով, որը ստորագրեցինք, հաջորդ տարի հարաբերություններն ավելի կսերտանան: Գործակցության 9 հիմնական ուղղություն է առանձնացվել, որից 3-ը 2012-ին էլ կային. դրանք նոր մակարդակով կշարունակվեն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

«Ռազմական կրթությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, զինվորական արդարադատության պահպանումը հրատապ խնդիրներ են և դրանք լուծելու հարցում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աստիճանաբար դառնում է բարեփոխումների գործընկեր», – ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարն ընդգծեց գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն մասին. Զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության անհրաժեշտությունը: Այսօր նաև ձեռնարկի և ժողովածու շնորհանդեսն էր: Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանք ռազմական կրթության ոլորտում գրականության բացը լրացնելուն են ուղղված: Նա առանձնացրեց նաև գրասենյակի սոցիալական հետազոտությունները, հատկապես, ԶՈւ-ում հանցագործության մղող և կանխող գործոնների մասին:

«Հետազոտություններն ու ուսումնասիրություններն ինքնանպատակ չեն: Դրանց արդյունքներն հաշվի են առնվում ամենայն լրջությամբ: Քայլեր են ձեռնարկվում, որի վերահսկողությամբ անձամբ ես եմ զբաղվում», – ասաց Սեյրան Օհանյանը: