2012թ. 11 ամիսների ընթացքում Երևանում 930 ՃՏՊ է տեղի ունեցել: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: «Այդ պատահարների արդյունքում զոհվել է 79 մարդ, վիրավորվել է 1231 մարդ: Բացի այդ, Երևանում ոստիկանների քանակը երթևեկության ծանրաբեռնվածության հետ կապված կրկնապատկվել է: Այն ծանրաբեռնված է հատկապես առևտրի կենտրոններին հարող տարածքներում: Ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, կապված է այս տարի ավելի շատ ներմուծված ավտոմեքենաների հետ, որոնց կեսը Երևանում է շահագործվում»,- նշեց նա:
Անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության նախապատրաստությանը Ամանորին՝ փոխգնդապետը տեղեկացրեց, որ Նոր տարվա գիշերը մայրաքաղաքում հերթապահելու է ՃՈ 250 տեսուչներից 170-ը: «Դեկտեմբերի 21-ից հուվարի 13-ը ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 24-ժամյա ռեժիմով կաշխատի»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում տեղադրվող արագաչափ սարքերին՝ Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ 2012թ. ընթացքում տեղադրվել է 43 սարք, որից 37-ը՝ Երևանում: «Իսկ ինչ վերաբերում է խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկներին, ապա դրանք մինչև երեկ 25-ն էին, այսօր արդեն 35 տեղադրված տեսախցիկ ունենք խաչմերուկներում»,- նշեց նա՝ խոստովանելով, որ չի կարող դրական գնահատել 2012թ. ՀՀ ՃՈ աշխատանքը:





