AM
25 Դեկտեմբեր 2012 - 10:06 AMT

Կարինե Դանիելյան. ԱԳՆ շենքը հյուրանոց դարձնելը հրապարակը կվերածի բիզնես կենտրոնի

Երևանի գլխավոր քաղաքաշինական ձեռքբերումն այս տարի Մաշտոցի պուրակի պահպանումն էր : Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: «Երիտասարդները մինչև վերջ պայքարեցին պուրակի պահպանման համար, և դա իսկապես շատ կարևոր է: Մյուս կարևոր ձեռքբերումն այն էր, որ Երևանի քաղաքապետարանը սկսեց զբաղվել կիսակառույցներով, ինչպես նաև ստեղծեց Փոքր կենտրոնի ճակատագրով զբաղվող հանձնաժողով»,- ասաց նա:

Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն իր հերթին փաստեց, որ Երևանի ամանորյա ձևավորումը շատ տարերային է: «Քաղաքը մի տեսակ գավառային մտածողությամբ է զարգանում, և պարզապես պետք է այդ ամենը կանոնակարգել և ռեսուրսները և ֆինանսները»,- նշեց Շահումյանը՝ ցավով փաստելով, որ Փակ շուկան գրեթե կորսված է, թեև համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում այն դեռևս հնարավոր է փրկել ու վերականգնել :

Բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադարձավ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին՝ նշելով, որ այս տարվա գլխավոր ձեռքբերումը երիտասարդների բնապահպանական շարժումներն էին, որոնք արդյունք տվեցին: «Փոքր ՀԷԿ-եր են տեղադրվում ամբողջ Հայաստանում, ինչի արդյունքում ունենք Սևանի խնդիր և մի շարք այլ բնապահպանական խնդիրներ : Իսկ էկոտուրիզմի տակ մարդիկ խաշ-խորոված են հասկանում բնության գրկում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Երևանի ամենակարևոր խնդիրներն են քաղաքաշինությունն ու ընդերքի օգտագործումը: «ԱԳՆ շենքը հյուրանոց դարձնելը բերելու է Հանրապետության հրապարակի հայեցակարգային փոփոխության : Դա ենթադրում է առաջնահերթությունների փոփոխություն. հրապարակը վարչական կենտրոնից վերածվելու է բիզնես կենտրոնի, ինչին ես կտրականապես դեմ եմ»,- ասաց նա :