AM
25 Դեկտեմբեր 2012 - 10:33 AMT

Գուրգեն Եղիազարյանը Տեր-Պետրոսյանի որոշման մասին. Ընդդիմությունը մնաց անտեր

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը վերջնականապես հաստատեց այն մտավախությունը, որ ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահի թեկնածու: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի քաքաղական դաշտում ազդեցիկ էին երեք կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ: Հիմա դրանցից խաղի մեջ մնաց միայն ՀՀԿ-ն և արդյունքում ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հարգում է Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը: «Նա մեր հանրապետության հիմնադիր նախագահն է՝ լրջագույն քաղաքացի և լրջագույն քաղաքական գործիչ: Այդ որոշումը պատահական չի եղել, դա խորը մտորումների արդյունք է: Նա խինդով և ծիծաղով չի գնացել այդ հայտարարությանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ Տեր-Պետրոսյանի այս որոշումով ընդդիմությունը մնաց անտեր: «Մեր երկիրը վատ վիճակում է գտնվում և տա Աստված, որ նոր լիդերի շուրջ համախմբումը արագ կայանա»,- նկատեց նա:

Ավելացնենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը զրուցել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Զրույցից պարզ է դառնում, որ ՀԱԿ առաջնորդը որոշել է չառաջադրվել 2013 թվականի նախագահական ընտրություններում: «Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու» հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»: