AM
25 Դեկտեմբեր 2012 - 14:19 AMT

Սփյուռքի նախարարը Մխիթարյան վարժարանի սաներին հորդորել է լավ սովորել

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ավանի Մխիթարյան վարժարան: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացել է Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարժարանի շուրջ 50 սան նախարարի մուտքը ողջունել է ՀՀ օրհներգով, Մխիթարյան միաբանության հիմնով, այնուհետև սկսվել է Ամանորի տոնակատարությունը:

Բարձր կարգապահությամբ աչքի ընկնող ու մխիթարյաններին բնորոշ բազմակողմանի կրթություն ստացող պատանիները ներկայացել են ազգային երգ ու պարով, հայրենասիրական երգերով ու ասմունքով, տարբեր առարկաների իրենց գիտելիքներով ու հմտություններով:

Նախաարը հետաքրքրվել է սաների առօրյայով, նրանց ունեցած հաջողություններով, դասապրոցեսի առանձնահատկություններով: Տոնակատարության ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Մխիթարյան վարժարանի սաների և ուսուցչական կոլեկտիվին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նախարարը հորդորել է պատանիներին լավ սովորել, ձգտել Մխիթարյան միաբանության բազմագիտակ աբբահայրերի հետնորդները դառնալ, հետք թողնել գիտության տարբեր ասպարեզներում:

ՀՀ սփյուռքի նախարարությունը և World Vision կազմակերպությունը Մխիթարյան վարժարանի սաների համար ամանորյա նվերներ էին պատրաստել: