AM
26 Դեկտեմբեր 2012 - 07:42 AMT

Հոգեբանը ընտրությունների մասին. Ընտրակաշառքի հույս ունեցողները կհիասթափվեն

Հոգեբան Կարինե Նալչաջյանը վերջին նախագահական ընտրություններից հետո տխուր հիշողություններ ունի, բայց այս ընտրությունների մասին ասում է, որ դրանք կլինեն վերջին 10 տարվա ամենաարդար ընտրությունները: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հոգեբանն ասաց. «Այս ընտրությունները յուրահատուկ են, քանի որ չունենք արտահայտված կառուցողական ընդդիմություն: Չկա այլընտրանք, հետևաբար բանակների չեն բաժանվի, ընտրակաշառքի հույս ունեցողներն էլ կհիասթափվեն:Թաղային հեղինակությունները առանձնապես անելիք չեն ունենա, ընտրված նախագահի ձեռքերը կապված չեն լինի, իրեն օգնողներին էլ պարտք չի ունենա»:

Հոգեբանի խոսքով՝ մարդիկ առանձնապես ոգևորված չեն, կրքեր չկան, ապակայունացնող տրամադրություններ՝ ևս: Առկախ է մնացել չառաջադրվածների հարցը.«Օդի մեջ մնացին այն մարդիկ, ովքեր Գագիկ Ծառուկյանին կամ Լևոն Տեր-Պետրոասյանին էին ընտրելու: Հիմա նրանք հուշումների են սպասում, բայց մեծ մասը հիասթափված է և հնարավոր է՝ այդ հուշումները չընդունի»,-ասաց Կարինե Նալչաջյանը : Նրա խոսքով ՝ կա չկողմնորոշվածների մեծ զանգված, չկա նաև թեկնածու , որը կաշխատի նրանց հետ: Քարոզարշավից այժմ արդեն շատ բան կախված չէ: Ընտրություններին մասնակցությունը թույլ կլինի:

Անակնկալներ չեն լինի. այս պահին դրա նախանշանները չկան, թեև ոչինչ բացառել չի կարելի:

Նալչաջյանն անդրադարձավ նաև պակաս հայտնի թեկնածուների առաջադրմանը.«Երկու տարբերակ կարող է լինել. այդ մարդկանց բերել են ինչ-որ ուժեր, որպեսզի ցույց տան, թե Հայաստանում դեմոկրատիա կա, այնպիսին, որ ով ցանկանում է կարող է առաջադրվել, կամ նրանք սեփական ամբիցիաներն են բավարարում, մարդն իրեն կարևոր է զգում, քնում-արթնանում է ու հայտնի դառնում»: