Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակեց 2012 թվականի ընթացքում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սև և սպիտակ ցուցակները: Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Դեմկուս նախագահ Արամ Սարգսյանը, Վարդենիսի, Վանաձորի քաղաքապետերը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 և Ստեփան Շահումյանի անվան թիվ մեկ դպրոցների տնօրենները և այլք:
«Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվել են սև ցուցակում, որովհետև ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց ֆինանասական ծախսերի և աղբյուրների մասին տեղեկություն տրամադրելու մեր հարցումներն անպատասխան են թողել:
Հանրապետական կուսակցությունն այս հարցմանը պատասխանել է, իսկ Սերժ Սարգսյանը հայտնվել է սև ցուցակում փուչիկների գործով հարցումն անպատասխան թողնելու համար: Կարող էին գոնե մերժել` քրեական գործի ընթացքով հիմնավորելով, բայց դա էլ չարեցին», – ասաց Շուշան Դոյդոյանը:
Եռամսյակային սև ցուցակում հայտնվելուց և աշխատաոճը փոխելուց հետո արդեն սպիտակ ցուցակում հայտնվել են Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ու Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը:
Տեղեկատվության ազատության ոլորտում առկա բացերին անդրադառնալով` արդեն 10 տարի խնդրով զբաղվող Շուշան Դոյդոյանը նշեց. «Առաջին խնդիրը դեռևս մնում է հարցումներն անպատասխան թողնելը: Երկրորդը` սահմանված ժամկետների խախտումն է: Այս ուղղությամբ առաջընթաց կա, բայց ԱԺ-ում, օրինակ, 1 տող պատասխանի համար 30 օր կամ լավագույն դեպքում 2 շաբաթ է պահանջվում: Միջինը 20 օրյա ժամկետն է»:
Դոյդոյանն առանձնացրեց նաև թերի և անհիմն պատասխանները: Նրա խոսքով փորձը ցույց է տալիս, որ հանրային քննադատությունն ու կառույցի հեղինակության սևացումը դրա աշխատանքի որակի վրա ազդեցության միակ միջոցն են:





