ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ է արել:
«Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատը ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը` մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության:
մոտ 35 % ըննդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին և քվեարկում եմ հակաիշխանական ուժերի համար, անկախ այդ ուժերի իրական քաղաքական կշռից և տրամաչափից:
Մնացյալ շուրջ 25% այն ձայներն են, որոնց ընտրական կողմնորոշումը մեծապես կախված է հենց քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ստացած տպավորությունից:
Հետևաբար գալիք նախագահական ընտրություններին. 1. Գործող նախագահը կարող է հավաքել շուրջ 60-65 % ձայն՝ կախված քարոզարշավի ընթացքից:
2. Ընդդիմադիր էլեկտորատի լիարժեք մոբիլիզացման համար ոչ իշխանական թեկնածուները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն և հանեն իրենց «հետլևոնական» նիրհից:
3. Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը` ազգայինից մինչև լիբերալ:
Եզրափակելով, հավելեմ, որ ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ:
Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք բոլորս»,- գրում է նախարարը:





