Մարի Իզմիրլյանի անվան մանկատունն արդեն H-1 Hyundai միկրոավտոբուս ունի:Նվիրատվությունը կատարվեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած առաջին բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով: «Այս նախագիծը ունի ընդամենը մեկ ամսվա պատմություն և մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ արվեց առաջին քայլը. մեկ մանկատան համար մեկ հոգս պակասեց: Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի նախաձեռնությանն արդեն միացել են բազմաթիվ բարերարներ, որոնց առօրյա վճարումների քարտը դարձել է հենց Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Սա շատ կարևոր և ոգևորող փաստ է, որը մեզ վստահություն է ներշնչում, որ հնարավոր կլինի լիովին իրականացնել այն նախաձեռնությունները, որոնք կոչված են աջակցել մանկատան երեխաներին»,- ասուլիսի ժամանակ նշեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր հերթին հավելեց, որ այդ նախագիծը առանձնահատուկ է, «քանի որ մանկատների երեխաների կողքին է կանգնում ոչ միայն Հայաստանի առաջատար բանկերից մեկը, այլև այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր փոքր լուման ունենալ այս մեծ գործում»:
Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը Հայաստանում առաջին բարեգործական վճարային քարտն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին սկսել հոգ տանել Հայաստանի մանկատներում ապրող երեխաների մասին և աջակցել նրանց խնդիրների լուծմանը: Սա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և «Հայաստան»Համահայկական Հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է, որի շրջանակներում Բարեգործական ֆոնդի կուտակված միջոցները նախատեսվում է տնօրինել մանկատների երեխաների կարիքները հոգալու նպատակով: Այսպիսով, Visa «ԲԱՐԵՐԱՐ» վճարային քարտը ընձեռում է բացառիկ հնարավորություն միանալ այդ բարեգործական նախաձեռնությանը` միևնույն ժամանակ տնօրինելով ֆինանսական միջոցները առավել շահավետ պայմաններով: «Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ» Բարեգործական Ծրագրին միանալու հնարավորություն են ստանում ոչ միայն Հայաստանում բնակվող անձինք, այլ նաև Սփյուռքի հայերը, ովքեր կարող են պատվիրել քարտը` լրացնելով online դիմում և ստանալ այն Հայաստան ժամանելուն պես:





